Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցը

Armenpress 18:38, 27 Հուլիս, 2021

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, այս պահին ընթանում են ասֆալտի հին շերտի քանդման եւ մայթերի նորոգման աշխատանքները: Փողոցի հիմնանորոգումը կատարվում է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի եւ ՀՀ կառավարության  համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 307 միլիոն 291 հազար դրամ է, որից համայնքի բյուջեի ներդրումը կազմում է 169 միլիոն 10 հազար  դրամ,որը ընդհանուր գումարի 55 տոկոսն է,  իսկ պետական բյուջեից հատկացվում է 138 միլիոն, 281 հազար դրամ, կամ ընդհանուր գումարի 45 տոկոսը:

Նախատեսվում է ասֆալտապատել Հենրիկ Աբրահամյան-Բուռնազյան փողոցների խաչմերուկից մինչեւ Բուռնազյան 2-րդ փողոցի խաչմերուկ հատվածը: Տեղադրվելու են  մայթերի եզրաքարեր եւ  ջրահեռացման վաքեր: Ծրագրի կապալառուն Գավառի ՃՇՇ-ն է: Ճանապարհը հիմնանորոգվում է 1 կիլոմետր 100 մետր երկարությամբ եւ 8825 քառակուսի մետր մակերեսով: Եվս 5631 քառակուսի մետր ասֆալտապատում կարվի մայթերում, 2031 քառակուսի մետր՝ մուտքերում եւ ուղիներում: Երկաթբետոնյա վաքեր կտեղադրվեն 860, մայթերի բազալտե եզրաքարեր՝ 1400 գծամետր երկարությամբ:

Բուռնազյան փողոցի վրա են գտնվում թաղամասի մանկապարտեզի եւ թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքերը, ինչպես նաեւ՝ Գավառի ավտոդպրոցի շենքը։ Այս առումով եւս կարևորվում է փողոցի հիմնանորոգումը: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը:

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am