Արմեն Սարգսյանն ու JICA-ի նախագահը փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել

Armenpress 14:03, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա՝ նշելով, որ իրենց գործակալությունը Հայաստանի հետ տարիների համագործակցություն ունի և ուրախ է Հայաստանի նախագահի հետ քննարկել ապագա փոխգործակցության ուղղությունները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործակալության աջակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների ու ծրագրերի համար. «Մենք բոլորս, սակայն, ապրում ենք ոչ թե այսօրվա, այլ վաղվա համար: Որպես երկրի նախագահ՝ առաջարկում եմ մտածել վաղվա համագործակցության մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին»:

Կողմերը քննարկել են բնական աղետների կառավարման և կանխարգելման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև մի շարք այլ՝ գիտության ու բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին՝ նշելով, որ մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս ծրագրի շրջանակում արդեն իսկ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխարհի մի շարք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, գիտակրթական հաստատությունների հետ, և ակնկալվում է համագործակցություն նաև ճապոնական ընկերությունների ու համալսարանների հետ: «Կարևոր է, որ կենտրոնանանք գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու վրա, քանի որ դա է մեր երկրի ապագան»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը նշել է, որ իրենց կառույցը պատրաստակամ է քննարկել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am