ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ցանկացած դրսևորում. Զախարովա

Armenpress 19:21, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան: Նա ցավակցություն է հայտնել նաև սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին: «Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am