ՀՀ-ում նախատեսվող շինարարական կապիտալ ծրագրերում կներգրավվեն միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Սփյուռքից

Armenpress 13:57, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված կապիտալ ծրագրերին: «Մենք ՔՊ-ի նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա 5 տարում կառուցել 2 600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր ՀՀ-ում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագիրն իրականացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ցանկանում են միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա:

«Առաջին հերթին, իհարկե, նկատի ունենք այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են Սփյուռքի մեր գործարարներին: Այստեղ մենք նաև հույս ունենք, որ այդ շինարարական ընկերությունների հետ Հայաստան կգան շինարարական նոր ստանդարտներ, նոր որակ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am