Միավորումներ կան, որ փրկություն են. Վահրամ Դումանյանն անդրադարձել է թատրոնների միավորման գործընթացին

Armenpress 13:49, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ  Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։ «Կա նման գաղափար և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չէ, մանրակրկիտ քննարկվել է և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չէ հարցը դիտարկվում։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով լուրերին, թե թատրոններից մեկի շենքում ռեստորան է բացվելու՝ Վահրամ Դումանյանը շեշտեց՝ բացառված է, որ նման բան լինի:  «Չկա նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը խորթ զավակ չէ և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևէ մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են: Հրաշալի է, որ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Ըստ նրա՝ այդ քայլով լուծվում է Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի հարցը, ինչը լրջագույն խնդիր է: «Իսկ ինչ վերաբերում է Կամերային թատրոնի անձնակազմին, , ապա մեր տվյալներով՝ նրանք հայտնվելու են շատ ավելի լավ պայմաններում: Իրենց ստեղծագործական ազատությունը, բեմադրությունները եւ գործունեությունը չեն խաթարվելու»,- ասաց նա:

Դումանյանը նշեց, որ ինքը թատրոնների անձնակազմի հետ որևէ քննարկում չի ունեցել, սակայն փոխնախարար Արա Խզմալյանը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ: «Տեղյակ եմ, որ Կամերային թատրոնում կան որոշակի դժգոհությունները, ինչը բնական է: Մարդիկ ավանդույթի ուժով իրենց պատկերացնում են միայն այդտեղ և ուրիշ ոչ մի տեղ: Դրանք լիովին ընկալելի զգացումներ են, բայց պետությունը չի կարող զգայական ամբիցիաների բավարարման գծով գնալ, որովհետեւ ավելի մեծ պատասխանատվություն ունի իր վրա»,- ասաց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am