Երկիրը կառուցվում է սահմաններից. Տիկնիկային թատրոնը ներկայացումներով հանդես կգա մարզերում և Արցախում

Armenpress 13:40, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրի շրջանակում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կշրջի Հայաստանի սահմանամերձ համայնքներում և Արցախում՝ ներկայացնելով «Անխելք մարդը», «Սուտլիկ որսկանը» բեմադրությունները: Նախատեսվում են նաև հեքիաթների ընթերցումներ, տիկնիկների պատրաստման վարպետության դասեր և այլ հետաքրքիր նախաձեռնություններ, որոնք կյանքի կկոչի թատրոնի ստեղծագործական կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության մասին խոսեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն ու դերասան Աղասի Մելքոնյանը:

«Պատմաքաղաքական իրավիճակով պայմանավորված` մենք սահմանել ենք առաջնահերթություններ, ըստ որոնց, պետական աջակցություն ստանալու են նախ և առաջ այն նախագծերը, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Դժվար ժամանակներում չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ոլորտ և կառույց ճիշտ գնահատի իր պատասխանատվության ձևն ու չափը, հասկանա, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում: Ինչպես կյանքը ցույց տվեց, դրա լավագույն գործիքակազմն ու միջոցը մշակույթն է»,- շեշտեց Արա Խզմալյանը:

Նա ընդգծեց, որ համավարակի սահմանափակումները մեղմացնելուց հետո  մարդկային մեծ հոսք է սկսվել դեպի մշակութային հաստատություններ, մեծ հետաքրքրություն են առաջացրել համերգները, ներկայացումները: Խզմալյանի հավաստիացմամբ՝ հետպատերազմական իրավիճակներում սահմանամերձ համայնքներում չափազանց կարևոր է մշակութային բովանդակության ձևավորումն ու ներկայացումը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, որոնք ստանձնել են իրենց բաժին պատասխանատվությունը, և մենք սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր դեպի նույնիսկ ամենահեռավոր սահմանամերձ համայնքներ: Մարզեր այցելելով` լուծում ենք ոչ միայն մասնագիտական, այլև բարոյահոգեբանական,  հասարակական և քաղաքացիական խնդիր»,- շեշտեց փոխնախարարը:

Խզմալյանը ասաց, որ այդ գործում մեծ է Տիկնիկային թատրոնի փորձը, որը, անկախ հանրային կյանքի դրսևորումներից, միշտ էլ առաջնահերթ է համարել մարզային այցերը:

Ռուբեն Բաբայանն էլ ընդգծեց, որ ծրագիրը բավականին մեծ է: «Հուլիսի 28-ին մեկնում ենք Բերդ, Ճամբարակ և Վարդենիս, իսկ հոկտեմբերին այցելելու ենք Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան, Գորիս: Հետք կմեկնենք Արցախ և ներկայացումներ կխաղանք Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանում: Ծրագիրը չի սահմանափակվում միայն ներկայացումներով. նախատեսվում են տիկնիկների պատրաստման վարպետության դասեր, որոնք կանցկացնի մեր թատրոնի առաջատար դերասաններից Աղասի Մելքոնյանը, հանդիսատեսի հետ հարցուպատասխան, մեզ հետ կգա մանկագիր Նաիրա Եդիգարյանը, որը հեքիաթներ կպատմի և վարպետության դասեր կանցկացնի»,- հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Բաբայանի խոսքով՝ երկիրը կառուցվում է սահմաններից, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա արևի իր բաժինը՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում: «Սա մեր պարտականությունն է: Թատրոնը հաճախ մեկնում է նաև արտերկիր, մասնակցում է հեղինակավոր փառատոնների: Այս ծրագիրը ոչ պակաս պատվաբեր է մեզ համար, որովհետև ապացուցում է, որ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը բոլոր հայերի թատրոնն է՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում»,- շեշտեց նա ու հավելեց, որ հուլիսի 22-ին մեկնելու են Հանքավան և տեղի ճամբարներից մեկում Արցախից ժամանած երեխաների համար խաղալու են «Ոսկե ճուտիկը» ներկայացումը:

Դերասան Աղասի Մելքոնյանը, որը տիկնիկների պատրաստման վարպետության դասերի է մասնակցել եվրոպական մի շարք երկրներում, շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ փորձել է տոնի վերածել երեխաների օրը՝ նրանց հեքիաթներ պատմելով և այդ ընթացքում թղթերի միջոցով ստվերային ներկայացում խաղալով: «Հիմա առավել ծավալուն աշխատանք եմ կատարելու մարզերում. երեխաների հետ բեմադրելու ենք հեքիաթը, և նրանց համար բացահայտելու եմ ներկայացում պատրաստելու գաղտնիքները»,- ասաց դերասանն ու թղթից տիկնիկներ պատրաստեց՝ դրական տրամադրություն փոխանցելով ներկաներին:

«Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am