1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով

Armenpress 11:36, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողելու առնչությամբ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը:

«Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ», - ասաց նա:

Փաշինյանը բոլորին շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

«Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am