ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում

Armenpress 21:00, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:

Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով Թուրքիան առաջինը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնեց այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք հարուցեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am