1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԽ պատգամավորը վերահաստատել են առանց նախապայմանների գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Armenpress 18:16, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։ «Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ծավալումը, որի շրջանակներում ընթացիկ ամսում Երևան այցելեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ կողմից իրականացվող ներդրումային և տնտեսական ծրագրերին, որոնք համահունչ են Հայաստանում տնտեսական զարգացման, ժողովրդավարության և լավ կառավարման ՀՀ կառավարության առաջնահերթություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները։ Վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և այս համատեքստում ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը կարևորել է  մայիսի 20-ին այդ առնչությամբ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը։

Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am