1000х90.jpg (78 KB)

Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԵԽ պատգամավոր

Armenpress 14:26, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից: 

Նրան ուղեկցել է  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նատալի Լուազոն ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի: Տիկին Լուազոն նշել է, որ շատ տպավորված է թանգարանից: Ըստ ԵԽ ներկայացուցչի՝ ամբողջ աշխարհը պետք է իմանա եւ հիշի հայերի ցեղասպանության մասին, որպեսզի այն այլեւս երբեք չկրկնվի: Նա կարեւորել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Ֆրանսիացի պատգամավորը, գրառում կատարելով Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշել է. «Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Ֆրանսիան»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am