«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին

Armenpress 11:38, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հուլիսի 15-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։

Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Հետևաբար, "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին», -գրել է Մարուքյանը:

Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի «Իմ քայլի» պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ:

Օրակարգում են նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ 6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ՝ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am