Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը

Armenpress 13:45, 8 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից բաղկացած դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա հանրային բարձր վստահություն դատական համակարգի նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

«ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես, երկու դեպք է գրանցվել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ։ Եվ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք վերջնական մեր նպատակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ  դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն:

«Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի։ Կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչները պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից։ Այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը համակարգ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am