Կիսաեզրափակիչի Անգլիա-Դանիա խաղից առաջ

Armenpress 11:43, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիան և Դանիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք հանդիպումը խոստանում է դիտարժան լինել: Անգլիան խաղում է սեփական հարկի տակ, և այս հանգամանքն ինչ-որ տեղ կարող է հավելյալ ուժ լինել Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստների համար, ովքեր քառորդ եզրափակիչում խոշոր հաշվով առավելության հասան Ուկրաինայի նկատմամբ (4:0): «Երեք առյուծները» մեծ ներուժով են մոտենում կիսաեզրափակիչի այս խաղին:

Դանիան Անգլիային հաղթել է անցած տարի` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում: Եվ հենց «Ուեմբլիում» կայացած այդ խաղի հաղթական գնդակը խփել է Քրիստիան Էրիկսենը, ով Եվրոյի մեկնարկում սրտի կանգի պատճառով չկարողացավ օգնել թիմին և այժմ բժիշկների հսկողության ներքո է: Կասպեր Յուլմանի գլխավորած թիմի հարձակման գիծն առանձնանում է իր արդյունավետությամբ: Դանիան Եվրոպայի այս առաջնության «թաքնված ուժերից է»:

Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի կարծիքով, իրենք «գիտեն Դանիայի ազգային թիմի ներուժի մասին»: Ըստ անգլիացիների մարզչի՝ այս հանդիպումն անմոռանալի է լինելու:

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանն անհամբեր է կիսաեզրափակիչ խաղից առաջ: «Մեզ համար մոտիվացիա կլինի այն, որ ստիպենք մարզադաշտում ներկա երկրպագուներին լռել: Հեշտ չի լինելու»,- ասել է նա:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի Անգլիա-Դանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am