«Պատիվ ունեմ» դաշինքը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

Armenpress 18:44, 2 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է  Սահմանադրական դատարան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումները։

Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am