Նոթաջի պապա Համբարձում

Armenpress 09:40, 29 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շարականների հոգեզմայլ երգեցողությունները մինչեւ հիմա խաղալիք են դարձել  հավակնոտ դպիրների բերաններում, որոնք Շնորհալուց ավանդված եղանակները երգում են իրենց քմահաճույքով ու անպատշաճ կերպով՝ առանց հաշվի առնելու, որ մեր եկեղեցական երաժշտությունը վսեմ է ու գեղեցիկ՝ իր պարզությամբ…»:

Համբարձում Լիմոնջյան

Մեծն Կոմիտասից ուղիղ 101 տարի առաջ էր ծնվել նա՝ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանը: Դեռ Պոլսի հոգեւոր դպրոցում սովորելիս է աչքի ընկել որպես շարականների լավագույն կատարող: Իսկ երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Օնոփրիոս Թաթավլեցու մոտ ու հմտացել հունական երաժշտական խաղերի մեջ: Այնուհետեւ աշակերտելով հայ երաժշտագետ Զեննե Պողոսին, խորքով ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտարվեստին: Եվ, ի վերջո, որպես խորիմաց երաժշտագետ եւ իրողությունների ականատես, հանգել է այն համոզման, որ տիրացուների անճաշակ կատարումով մատուցվող հայկական հոգեւոր երգը, հատկապես ծանր եղանակները, ենթարկվում են աղավաղումների, օտար ազդեցության: Արտահայտվելով մեր եկեղեցական երգերի մասին, նա շեշտում է, որ «հարկ չկա դրանց մեջ ավելորդ գեղգեղանքներ մտցնել եւ իրենց ձայնի գեղեցկությունը ցուցադրելու նպատակով, անվայելուչ ձեւերով նմանակել այսինչ երգչին, գնչուին կամ հրեային…»:

Երգահանի խոսքն, իբրեւ երեւույթ, հայ ամբողջական երաժշտության մասին է, նաեւ՝ գործիքային, որն իր հիմքում երգ է ու մեղեդի: Եվ առկա իրողությունից որպես ելքի միջոց գտնում է, որ կորսված խազերի փոխարեն անհրաժեշտ է ստեղծել հայկական նոտագրության նոր համակարգ: Եվ, հետեւելով եվրոպական ձայնագրությանը, Տյուզյան ամիրաների օժանդակությամբ ձեռնարկում է հայկական նոտաների ստեղծումը՝ ձգտելով փրկել հայ հոգեւոր երգերը հետագա կորստից եւ աղավաղումներից: Դա 1813 թվականին էր. Լիմոնջյանին եվրոպական նոտաները ձեռնտու չեն լինում: Օկտավայի 7 նոտաների նշանները վերցնում է հայկական խազերից՝ պահպանելով վերջինների անվանումները՝ փօ, է, վէ, բէ, խո, նե, պա, որոնք համապատասխանում էին եվրոպական ռէ, մի, ֆա, սոլ, լյա, սի, դո-ին: Այնուհետեւ դասակարգում է նաեւ ամանակները եւ չափերը: Հայկական նոր ձայնագրության ստեղծման վրա աշխատում է շուրջ երեք տարի: Արդյունքում համառ եւ խորիմաց երաժշտագետին հաջողվում է հին խազերից անցնել դեպի նոր նոտագրություն, որի շնորհիվ փրկվում է հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտական ժառանգության մի զգալի մասը:

Փաստորեն, հայկական նոր նոտագրությունը փոխարինելու էր եկել խազերի համակարգին եւ կամուրջ հանդիսացել եվրոպական նոտագրությանն անցնելու համար: Այս համակարգը մեծ դերակատարում էր ունենալու հայ հոգեւոր երաժշտության գոհարների ձայնագրության գործում. Լիմոնջյան համակարգով Նիկողայոս Թաշչյանը ձայնագրում է Շարակնոցը, Ժամագիրքը, Պատարագամատույցը: Այն սկսում է օգտագործվել ոչ միայն հայկական, այլեւ թուրքական, մերձավորարեւելյան երաժշտության մեջ: Հետագայում, նաեւ 20-րդ դարի սկզբներին ձայնագրվում են նաեւ ժողովրդական երգեր: Այս առումով անչափ մեծ է Կոմիտաս վարդապետի վաստակը: Ուսանողական շրջանից սկսած, մինչեւ իր գիտակցական կյանքի վերջին տարիները հայ երգի վեհափառն օգտագործել է Լիմոնջյան համակարգը՝ որպես երաժշտական սղագրության յուրահատուկ միջոց ու գրի առել հարյուրավոր ժողովրդական երգեր: Նույնն արել էր ինքը՝ համակարգի հեղինակը՝ Նոթաջի պապան (նաեւ այսպես էին անվանում նրան). գրի է առել մի շարք շարականներ, երաժշտական տարբեր ստեղծագործություններ՝ հիմք դնելով մի ուրույն ձայնագրման համակարգի, որը կոչվելու էր իր՝ հյուղակից դուրս եկած պոլսեցի մեծանուն հայի՝ Համբարձում Լիմոնջյանի անունով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am