«Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն». զոհրապյան նովելը՝ բեմում

Armenpress 12:34, 26 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 26-ին լրանում է արևմտահայ մեծանուն գրող, «նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակը: Եվ հոբելյանական տարվա շրջանակում «Հալեպ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն» նախագիծը, որը կրում է Գ. Զոհրապի համանուն ժողովածուի խորագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Գրիգոր Զոհրապի «Խղճմտանքի ձայներ» ժողովածուից ընտրվել է «Փոստալ» նորավեպը և վերածվել թատերական գործի: Առաջնախաղը հունիսի 13-ին տեղի է ունեցել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացում է նախատեսվում նաև հունիսի 28-ին:

Զոհրապյան նովելի թատերականացումը միտված է արևմտահայերենի պահպանմանն ու տարածմանը: «Արևմտահայերենը միայն դասավանդելով և աշակերտներ ունենալով պահպանելն ու տարածելը բավարար արդյունավետ չեն, իսկ թատերական գործունեության միջոցով այն լսելի ու հասանելի դարձնելը լավագույն ձևերից մեկն է»,- նշել է նախագծի ղեկավար Ավետիս Ափոշյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրը գուցե հիմք դառնա ապագայում Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենի թատրոն հիմնելու համար:

Նախագծի շրջանակում նախատեսվում են թատերական ներկայացումներ նաև ՀՀ մարզերում: Հուլիսին մարզային առաջին ներկայացումը տեղի կունենա  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, հաջորդը՝ Վանաձորում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am