Ավելի լավ իմացություն՝ արդյունավետ կանխարգելման համար. թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված գիտաժողով

Armenpress 11:55, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ «Ավելի շատ իմացություն` ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ ծրագրերի ղեկավար Կարոլինա Սահակյանը նշեց, որ ծրագրի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ոլորտի մասնագետներին: «Մենք այս գիտաժողովի ընթացքում պետք է կարողանանք վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Պետք է նաև արդյունավետ լուծումներ գտնենք կանխարգելման համար և մշակենք արդյունավետ ծրագրեր»,- նշեց Սահակյանը:

ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը մեր թղթակցին ասաց, որ շատ է կարևորում նման միջոցառումները: «Այստեղ են ոլորտի հետ առնչություն ունեցող տարբեր մասնագետներ՝ հոգեբաններ, ներկայացուցիչներ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և այլ կազմակերպություններից: Նման միջոցառումները հնարավորություն են ստեղծում գերատեսչությունների և ՀԿ-ների միջև փոխգործակցային նոր մոդելների ներդրման համար»,- նշեց Նազինյանը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կենտրոնների 20-ից ավելի աշխատակիցներ և ոլորտի առաջատար մասնագետներ, հոգեբաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am