Տեղի է ունեցել Արցախյան պատերազմում նահատակված հերոս Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի 1-ին հուշամրցաշարը

Armenpress 20:31, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հերոս, Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ, մարզիկ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա 1-ին հուշամրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայից, Հենրիկ Հակոբյանը ֆեդերացիայի հավաքականի մարզիկներից էր, ով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում, հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվեց քաջի մահով։

«Այս տարի հուշամրցաշարն ունեցել է յուրահատուկ ուղերձ՝ միշտ վառ պահել հայրենիքի և հայրենական սպորտի նվիրյալների հիշատակը՝ հանձինս Հենրիկ Հակոբյանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքված հուշագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին, «Դու Հայաստանին» կազմակերպությունը կաջակցի Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարի անցկացմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am