Ռազմագերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Փաշինյանի հետ պայմանավորվածության հիման վրա. «Միաբան» նախաձեռնություն

Armenpress 20:01, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմագերիների հարազատները, ովքեր հունիսի 23-երեկոյից նստացույց էին իրականացնում ՀՀ կառավարության առջև, հունիսի 24-ին կրկին հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Միաբան» նախաձեռնությունից, որի հաղողրդմամբ՝ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել նստացույցը՝ ՀՀ կառավարության կողմից որոշակի ժամկետներում որոշակի գործողությունների իրականացման պայմանով։

Նստացույցի մասնակից, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանն այս առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021) Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am