Ութ նոր տառերով տրանսպորտային համարանիշների թողարկումից ակնկալվում է 73,702,576,000 դրամի եկամուտ

Armenpress 15:36, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

Ըստ այդմ, բացի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից, համարանիշների թողարկման համար կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը: Հիմնավորման համաձայն, արդյունքում ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում. հաշվառման համարանիշերի թողարկումը 8 նոր տառերով թույլատրելու դեպքում ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։

Որոշման ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Կառավարությունը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 13-ի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ այդմ՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1 տարի 6 ամսվա փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am