1000х90.jpg (78 KB)

Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը պայմանագիր է կնքել Netflix-ի հետ

Armenpress 20:35, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան հայտնի Netflix ընկերությունը պայմանագիր է կնքել օսկարակիր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի Amblin Partners ընկերության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայն կնքված պայմանագրի՝ Սփիլբերգի ընկերությունն առաջիկա տարիներին տարեկան մի քանի ֆիլմ կնկարի Netflix-ի համար:

Ընդ որում, «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերի համար օսկարի արժանացած կինոռեժիսորը կշարունակի առանձին համաձայնագրով նկարել ֆիլմեր Universal Pictures-ի համար:

Սփիլբերգը հայտնել է, որ նոր պայմանագիրը հրաշալի հնարավորություն է նոր ձևով նոր պատմություններ պատմելու մարդկանց:

Համաձայնագրի ֆինանսական պայմանները գաղտնի են պահվում:

Սթիվեն Սփիլբերգը վերջին տարիներին տարաձայնություններ ուներ Netflix-ի հետ, քանի որ պնդում էր, որ մեծամասամբ հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը պետք է իրավունք ունենան ստանալ միայն «Էմի» մրցանակ, այլ ոչ թե «Օսկար»: Նա հայտարարում էր, որ պետք է պահպանել կինոթատրոններում ֆիլմեր դիտելու փորձառությունը:

Netflix-ը, որը այս տարի մտադիր է ավելի քան 70 նոր ֆիլմ թողարկել, իր կինոժապավենների մի մասը սահմանափակ ցուցադրությունների համար ուղարկում է նաև կինոթատրոններ: Ընկերությունը 209 մլն բաժանորդներով ամենամեծ սթրիմինգային ծառայությունն է ողջ աշխարհում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am