Իսրայելում կրկին խստացրել են կորոնավիրուսի սահմանափակումները

Armenpress 19:30, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները, երկրի առանձին շրջաններում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումների հետևանքով, որոշում են կայացրել խստացնել կարանտինի պահպանման պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը:

Այդպիսով, կրկին պարտադիր է դառնալու դիմակների կրումը միջազգային օդանավակայանում, սահմանային անցակետերում, բուժօգնության տրամադրման վայրերում: «Դելտա» շտամով հիվանդացած անձանց հետ շփված անձինք, ովքեր ունեն պատվաստման սերտիֆիկատ կամ տեղեկանք հիվանդությունից ապաքինվելու վերաբերյալ, այսուհետ կուղարկվեն կարանտին:

Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին հունիսի 1-ից, իսկ հունիսի 15-ից թույլատրվում էր չկրել դիմակ:

Երկրում բնակչության զանգվածային պատվաստումները սկսվել էին 2020 թվականի դեկտեմբերի 20-ից: Հունվարի 10-ից սկսվել էր պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ստացման գործընթացը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am