Դատախազությունը վեր է հանում ԶԼՄ-ների հրապարակումներն ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ

Armenpress 19:21, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը վեր է հանում ԶԼՄ-ների հրապարակումներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ»,- նշել է նա՝ հայտնելով, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:

Աբրահամյանը հավելել է, որ չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am