1000х90.jpg (78 KB)

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ հարցում եռակողմ հայտարարությունների կատարման հարցը

Armenpress 14:20, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 23-ին հեռախոսազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Նշվում է, որ նրանք անդրադարձել են մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը՝ տարածաշրջանի՝  հետկոնֆլիկտային շրջանում  զարգացման հարցում:

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով զինադադար է հաստատվել Լեռնային Ղարաբաղում: 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ երեք երկրների ղեկավարները հաստատել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պատրաստակամությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am