Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

Armenpress 21:34, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ hունիսի 22-ին մեկնարկել է Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովը:

Դեսպանության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետությունից ֆրանսերենի շուրջ 100 ուսուցիչ` հայկական դպրոցներից և համալսարաններից, մասնավոր և ասոցիատիվ կենտրոններից, համախմբվել էին` մտքեր փոխանակելու Հայաստանում ֆրանսերենի դասավանդման ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին գրի և հիշատակի խորհրդանշական վայր հանդիսացող այդ վայրում համաժողովը հյուրընկալելու համար, Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատել ուսուցիչների՝ նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով դժվարությունների պայմաններում ուսումնական գործընթացում նրանց ցուցաբերած ստեղծագործական մոտեցման և ամենօրյա նվիրվածության համար:

«Դեսպանը ողջունեց դեսպանության և Կրթության նախարարության միջև առկա համագործակցությունը` նշելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում այս ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում:

Ողջունելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններով դպրոցների հաջողությունը՝ դեսպանը նշեց, որ այս ծրագրի զարգացումը դեսպանության առաջնահերթությունների թվում է: Նա ասաց, որ հաջորդ ուսումնական տարվանից, նման դասարանների ստեղծում նախատեսվում է Երևանի, Գյումրու և Հրազդանի երեք ավագ դպրոցներում և չորս նոր քոլեջներում: Նա ընդգծեց հայ երեխաների լեզուների իմացությունը՝ նշելով, որ շատ վաղ տարիքից այս երեխաներն արդեն տիրապետում են մի քանի լեզուների, նույնիսկ երեք այբուբենի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ժոնաթան Լաքոտը հիշեցրել է, որ դեսպանությունն աշխատում է Հայաստանում ֆրանսիական մշակութային կենտրոնի` Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման ուղղությամբ, որը տեղակայվելու է ապագա «Ազնավուր կենտրոն»-ում: Դեսպանը ողջունել է Հայաստանում գործող ֆրանսիական կրթական հաստատությունների` Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հաջողությունը և նշեց, որ վերջիններս կայուն աճ են գրանցում:

«Դեսպանը նաև հարգանքի տուրք մատուցեց Մարտին Փաշայանին, ով մեզ լքեց մարտին, բայց ում օրինակը կշարունակի ոգեշնչել գալիք սերունդներին: Ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանի կյանքը գլխիվայր էր շուռ եկել 1988 թ. դեկտեմբերի 7-ին: Այդ օրը նա կորցրել էր կնոջն ու երեխաներին, աշակերտներն, նրա դպրոցը փլուզվել էր երկրաշարժի պատճառով: Դեսպանը նշեց, որ Փաշայանը ոչ միայն վերակառուցել էր իր կյանքը, այլ նաև իր դպրոցը` Գյումրու թիվ 10 դպրոցը: Դեսպանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի և ֆրանսերենի առաջխաղացման համար իր գործունեության համար նա պատիվ ունեցավ 2020 թ. մայիսի 15-ին Մարտին Փաշայանին Գյումրիում շնորհել Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշանը»,- հայտնում են դեսպանությունից՝ հավելելով, որ Ժոնաթան Լաքոտը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի «Ալիանս Ֆրանսեզ»-ի տնօրեն Սյուզան Ղարամյանին ֆրանսերենի դասավանդմանը նրա 20-ամյա նվիրվածության համար: Նա ընդգծել է Հայաստանի «Ալիանս Ֆրանսեզ»-ի դերը երկրում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման գործում:

Դեսպանության տեղեկացմամբ՝ դեսպանը ուսուցիչներին հավաստիացրել է, որ դեսպանությունը ավելի քան երբևէ մնում է իրենց տրամադրության տակ:

Ողջունելով մասնակիցներին ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է լեզուների ուսուցման հայկական ուսումնական ծրագրում նոր ուսումնական պլաններն ու չափորոշիչները՝ շեշտելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցման որակը:

Դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն իր հերթին ներկայացրել է դեսպանության ծրագրերը ֆրանսերենի ոլորտում, նշել, որ դեսպանատունն աշխատում է ֆրանսիացի ուսուցիչների` Ֆրանսիայում վերապատրաստման դասընթացներին հետևելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց ֆրանսերենի ուսուցիչների սոցիալական ցանց «Ifprofs» հարթակը, և հորդորել ուսուցիչներին գրանցվել և ակտիվ պահել Հայաստանին նվիրված էջը (https://ifprofs.org/am):

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) ղեկավար Էմանուել Սամսոնը, որն աջակցում է ֆրանսերենի ուսուցիչների ամենամյա վերապատրաստման սեմինարին, ներկայացրել է CREFECO- ի գործունեությունն ու ծրագրերը և հրավիրեց ուսուցիչներին մասնակցելու կազմակերպության ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ «Դասարան» հարթակի տնօրեն Սուրեն Ալոյանը նույնպես ելույթ է ունեցել և ներկայացրել այս հարթակում ֆրանսերենի դասընթացների ծրագիր ստեղծելու նախագիծը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am