1000х90.jpg (78 KB)

Մարինա Կալյուրանդը և Անդրեյ Կովաչևը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները

Armenpress 14:01, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։

Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար:

Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունն ամենաշատը կարիք ունի վերականգնել միասնությունն ու համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար:

Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք, որ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են:

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո:

Մենք ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ` ի շահ մեր քաղաքացիների»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am