1000х90.jpg (78 KB)

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը քննող հանձնաժողովը ստեղծված է. կան քրգործեր

Armenpress 13:33, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը քննելու համար ստեղծված հանձնաժողովն ակտիվ աշխատում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Հանձնաժողովն արդեն ակտիվ աշխատում է։ Պատերազմի ընթացքում եղած դասալիքների առումով բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցված։ Առաջարկում եմ սպասել այդ գործերի արդյունքներին»,- նշեց Դավթյանը։

Դիտարկմանը, թե Հադրութը և, մասնավորապես, Շուշին, հեշտ հայտնվեցին հակառակորդի վերահսկողության տակ, ԳՇ պետն ասաց, որ հեշտն ու դժվարը կարող է ասել հակառակորդը։

«Մենք ուսումնասիրում ենք, չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետև յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կամ պետք է պատասխանատվության ենթարկվեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի: Բացի այդ, մեզ համար ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք, մասնավորապես, Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է»,- ասաց Դավթյանը։

Նրա խոսքով՝ իրենք պետք է ուսումնասիրեն բոլոր թերությունները, բացերը և կարողանան ըստ դրա որոշումներ կայացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am