Գեղարքունիքում ռուսաստանյան խաղաղապահներ են տեղակայվելու. ԳՇ պետ

Armenpress 12:38, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահներ տեղակայել, գործընթացներ են ընթանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ  գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Կատարման և տեխնիկական այլ հարցերի մասին լրացուցիչ կհայտնենք»,- նշեց Դավթյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ, ոչ թե ադրբեջանական կողմին են հարցնելու, քանի որ սեփական տարածքում քայլեր ձեռնարկելու համար նրանց հարցնելու կարիք չունեն, բայց կան որոշ այլ հարցեր։

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և նպատակ ունենք առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումները հետ տանել»,- ընդգծեց ԳՇ պետը:

Հարցին, թե Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումներ կլինե՞ն արդյոք, Դավթյանն ասաց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա  կկարգավորվի համապատասխան գործողություններով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am