Երևանի բնակիչը ոչ սթափ վիճակում պատուհանից կրակոցներ է արձակել դեպի օդ

Armenpress 18:06, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR»  տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ է արձակել դեպի օդ: Վերջինս խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են որսորդական հրացանի կրակված  պարկուճներ:

Վերոհիշյալ տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am