1000х90.jpg (78 KB)

Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացը և ձայների հաշվարկը

Armenpress 16:49, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և կարճ ժամանակահատվածում լավ կազմակերպված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ասուլիսում:

«Մեր ընդհանուր եզրակացությունն այն է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները կարճ ժամանակահատվածում մրցակցային էին և լավ կազմակերպված»,-ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:

Այնուամենայնիվ, դիտորդները նկատել են ինտենսիվ բևեռացում և մրցակիցների շրջանում բորբոքված հռետորաբանություն: Առաքելությունը եզրակացրել է, որ ընտրական իրավական դաշտը հիմնականում ընդգրկուն է եղել, բայց որոշ թերություններ դեռ կան: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների իրագործման համար սահմանափակ ժամանակ է եղել: ԿԸՀ-ն իրականացրել է իր աշխատանքը՝ թափանցիկ, կոլեգիալ և պրոֆեսիոնալ ձևով:

«Մեր առաքելության ճնշող մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ընտրությունների օրը՝ ներառյալ ձայների  հաշվարկը»,-ասաց Հենրիկսենը:

Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում ցուցակի կանայք մեծապես բացակայել են: «Կարևոր է, որ կանայք, ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հանրային և քաղաքական կյանքում»,-ասաց նա:

Ըստ դիտորդական առաքելության հայտարարության՝ նախընտրական շրջանում, քարոզարշավի ընթացքում ազգային անվտանգության խնդիրները գերակշռել են  քաղաքական դիսկուրսին: Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել, և դիտորդները ճնշող մեծամասնությունը դրական գնահատական է տվել այցելած տեղամասերում քվեարկության գործընթացներին: Այնուամենայնիվ, նշվում է, որ շատ ընտրատեղամասեր անհասանելի են եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար:

Միևնույն ժամանակ, դիտորդները նկատել են, որ ձայների հաշվարկի գործընթացը անցել է լավ և շատ թափանցիկ: «Խորը բևեռացումը չի խանգարել լավ անցկացված ընտրություններին», - նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կատրուգալոսը:

Նա հույս է հայտնել, որ արդյունքները կընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության  ղեկավար Օուեն Մըրֆին էլ հավելել է. «Բոլոր թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ողջ ընթացքում: Հիմնարար իրավունքները հարգվել են»:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունն ընդհանուր առմամբ ներկայացրել են 37 երկրից 341 դիտորդներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am