Մասշտաբային միջոցառմամբ եզրափակվեց «BiGiDream» մանկական փառատոնը

Armenpress 12:14, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը եզրափակվեց մեծ ամփոփիչ միջոցառմամբ, որը կազմակերպվեց Կարապի լճին հարակից տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դեպի մեծ երազանքներ» խորագրով ամփոփիչ համերգին ելույթ ունեցան «Հայ արևներ» երգչախումբը, «Miss Singer» նախագծի աղջիկները, «Խարակտեր» պարային խումբը և այլն, առանձին հեքիաթային տաղավարներով ներկայացվեցին թատերական տարաբնույթ բեմադրություններ:

Կարապի լճի տարածքը վերածվել էր իսկական մանկական խաղահրապարակի։ Ներկաները երեկոյին հնարավորություն ստացան դիտելու հատված «Դեպի մեծ երազանքներ» հայկական մանկական երաժշտական ներկայացումից և հանդիպելու փառատոնի խորհրդանիշ Բիգիի՝ տիեզերքից այստեղ եկած երազող հայի հետ։ Կրթական, ճանաչողական ներկայացումը բացառիկ էր իր ձևաչափով, ներկայացված հերոսներով, պարերով, երգերով, հատուկ ստեղծված ինքնատիպ հագուստներով ու վիզուալ ձևավորմամբ։

«BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնն իրականացնում է  «Հայը կա» նախաձեռնությունը:

«BiGiDream» փառատոնը հնարավորություն էր ստեղծել մեկ հարթակում համախմբել մանկական աշխատանքներ և ստեղծագործություններ ՀՀ բոլոր մարզերից։ Ստեղծվել էր մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ կարող էին իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։

Հունիսի 8-18-ը փառատոնի թիմը շրջագայել է ամբողջ Հայաստանով և Արցախով՝ երեխաների հետ և երեխաների միջոցով վառելու հույսի, հավատի, սիրո և միասնության ջահը:

Այս յուրահատուկ ապաքաղաքական կրակարշավը նպատակ ուներ նաև բացահայտել մեր երկրի, իսկ հետագայում նաև սփյուռքի տաղանդավոր երեխաներին և դրդել բոլորին երազել ու միասնաբար հասնել թե՛ անձնական, թե՛ համընդհանուր երազանքների ու նպատակների:

Փառատոնի թիմը գոհ է մարզային այցելություններից, քանի որ մարզերում հասցրել է բացահայտել բազում տաղանդների։ Յուրաքանչյուր մարզում կազմակերպվել են համերգներ, այլ միջոցառումներ, որոնք ոչ միայն ակտիվացրել են մարզային առօրյան, այլև հնարավորություն են ընձեռել երեխաներին հավատալ իրենց երազանքներին ու աշխատել դրանք իրականություն դարձնել։

Ամփոփիչ երեկոյին սիրված կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանը և դերասանուհի Ալլա Սահակյանը հայտարարեցին «Singer Armenia» նախագծի մեկնարկի մասին, որին մասնակցելու են «Հայը կա» նախաձեռնության կրակարշավի արդյունքում մարզերում հայտնաբերված տաղանդավոր երեխաները և ուրիշներ: Երեխաների հետ աշխատելու են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր անելու են ամեն ինչ, որ նրանք նվաճեն մեծ բեմեր և իրենց գործունեությամբ հավաստեն, որ հայը կա և շարունակում է հաղթանակներ գրանցել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am