Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ

Armenpress 13:47, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ հնարավոր վարկած առաջ քաշեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաբաջանյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»,- նշեց Բաբաջանյանը:

Անդրադառնալով տեղեկությանը, որ իր անունից հաղորդագրություն էր տարածվել, թե մեքենայի վրա կրակողն իրենց դաշինքից է, Բաբաջանյանը կեղծիք և սուտ որակեց այդ ամենը:

«Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, մեքենաս էլ այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս պահին դեռ աշխատանքներ են տարվում»,- նշեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորողը:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, նախնական տվյալներով հունիսի 20-ին ժամը 09:30-ի սահմաններում, կրակոց է արձակվել դեռևս չպարզված հրազենից: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Պարզվում են դեպքի հանգամանքները: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am