Քննչական կոմիտեն արձանագրել է ընտրական իրավունքին խոչընդոտելու առերևույթ հանցագործության 22 դեպք

Armenpress 12:21, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ բարեգործության արգելքը խախտելուն, իսկ 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:

Ըստ աղբյուրի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու  1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից մեկը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուս հինգով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերից մեկով հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am