1000х90.jpg (78 KB)

ԿԸՀ միջնորդություններ են ներկայացվել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Armenpress 10:58, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նոր մանրամասներ է հայտնել  «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աբրահամյանը գրել է, որ բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը:

«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրն առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։

 Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել՝ Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու»,- գրել է Գոռ Աբրահամյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am