Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Ավանեսյանը գրքով վառ կպահի զոհված ընկերների հիշատակը

Armenpress 16:39, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Դավիթ Ավանեսյանը պատերազմի ծանր օրերի հույզերը, ապրումները, ընկերների մասին հիշողությունները փոխանցել է թղթին, որը վերածվել է գրքի: «Արծվազարդ երկինք» գրքով Ավանեսյանը հավերժացրել է ռազմի դաշտում ընկած ընկերներին՝ ձգտելով վառ պահել նրանց հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 18-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Ավանեսյանը պատմում է, որ գիրք գրելու գաղափարն առաջացել է պատերազմից հետո հոգեբանի հետ զրույցների ընթացքում: «Սեանսի ավարտին անհրաժեշտ էր բանավոր զրույցներից զատ նաև այլ կերպ խոսել զգացածիս մասին: Նպատակահարմար գտա գրելով արտահայտվել:  Անդրադարձել  եմ լավ, հետաքրքիր օրերին, պատմել զավեշտալի դեպքեր: Որքան էլ զարմանալի թվա, բայց փաստ է, որ պատերազմում անգամ զավեշտալի օրեր են լինում»,-նշում է գրքի հեղինակը:

Ավանեսյանը վիրավորվել է հոկտեմբերի 5-ին: Ծառայությունն ավարտել է բուժման ընթացքում:

Նա նշում է, որ  գրքում բարձրաձայնել է բազում հարցեր, որոնք ինքն իրեն է տվել: «Եթե ինչ-որ մեկին չասեի, որ իր օգնության կարիքն ունեմ, հնարավոր է՝ այդ ինչ-որ մեկը հիմա ողջ լիներ…Ընկերների մեծ մասը, որոնց մասին խոսել եմ գրքում, այլևս չկան»,-ցավով ասում է Դավիթը:

Ավանեսյանը ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ), եղել է սերժանտ, սանհրահանգիչ: Տեղեկանալով, որ պատերազմ է, փորձել է հոգեբանորեն աջակցել ծառայակից ընկերներին, սատարել նրանց: «Այդ օրերին ծառայությանս լրանալուն ընդամենը երեք ամիս էր մնացել»,-նշում է նա:

Ավանեսյանն այժմ կրթությունն է շարունակում Մանկավարժական համալսարանում. ապագա ռեժիսոր է: Պատերազմից հետո կարճամետրաժ համր ֆիլմ է նկարահանել գումարի ազդեցության մասին, որը մասնակցում է տարբեր փառատոնների: «Ֆիլմում պատմում եմ, թե ինչպես է հարսնացուի հայրը քիչ գումար ծախսելու նպատակով դստեր հարսանիքը կազմակերպում թաղման սրահում: Աբսուրդ ժանրի գործ է»,-պատմում է Դավիթն ու հավելում, որ մի քանի ամսից էլ նախատեսում է ներկայացում բեմադրել:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Երիտասարդ ստեղծագործողը շատ է ցանկանում, որ քիչ խոսվի քաղաքական անցուդարձի մասին, և յուրաքանչյուրը զբաղվի իր գործով: Նա չի ցանկանում՝ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ստիպված լինի չմտածել ՀՀ մարզեր մեկնելու մասին, քանի որ այս կամ այն մարզում կարող են խնդիրներ առաջանալ:

Դավիթի ընկեր Տիգրան Հովակիմյանը, որը ևս մասնակցել է պատերազմին, խոստովանում է, որ իր համար դժվար է խոսել այդ արհավիրքի մասին: Դավիթի հետ ծառայության ընթացքում է ծանոթացել: Մի  քանի ամիս անց իմացել է, որ Դավիթն իր քաղաքացիական կյանքի ընկերներից մեկի մտերիմ ընկերն է, ինչից հետո ավելի են ընկերացել: «Շատ եմ անհանգստացել Դավիթի համար, իսկ նա՝ ինձ համար: Պատերազմի ժամանակ, երբ բարձրացանք առաջնագիծ, մեզ տարբեր ուղղություններով տարան: Չէի կարողանում կապի դուրս գալ, իմանալ, թե ինչպես է: Հոկտեմբերի 5-ին տեղեկացա, որ Դավիթն իբր զոհվել է, այնինչ նա վիրավորվել էր, իսկ երբ հոկտեմբերի 9-ին ես վիրավորվեցի, Դավիթն էլ կարծել է, թե ես եմ զոհվել: Ծանր էինք տանում կորուստը… Երբ Երևանի հիվանդանոցներից մեկում էի, զինվորներից մեկն ասաց, որ տեսել է Դավիթին, և նա ողջ է: Զանգեցի ընկերոջս: Նրա ձայնը լսելուց հետո, ամեն ինչ փոխվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել այդ պահին»,-վերհիշում է Տիգրանը:

Նա ընդգծում է, որ Դավիթի մասին միայն դրական կարող է խոսել, սակայն կարծում է՝ ընկերը մարդկանց մեջ միշտ լավն է փնտրում և չի ցանկանում տեսնել բացասական կողմերը:

Դավիթի հորաքույր Մարինե Ավանեսյանի խոսքով՝ Դավիթը շատ զուսպ, սթափ երիտասարդ է: «Մինչև բանակ գնալը շատ էր երազում, բայց պատերազմը փոխեց նրան և բոլորին: Գրքով նա իր հարգանքի տուրքն է մատուցել զոհված ընկերներին, որոնցից յուրաքանչյուրի անունն է գրել, պատմել նրանց հետ կապված հիշողությունները: Գրքի նախաբանում ասում է, որ պատերազմն իրենցից խլել է ամեն ինչ. ոմանց սպանել է  ֆիզիկապես, իսկ ողջերին՝ հոգեպես: Երիտասարդ տարիքում այդքան անմարդկային ցավ, ընկերների կորուստ տեսնելը չափազանց ծանր է: Տա՛ Աստված՝ հարատև խաղաղություն լինի, և երիտասարդներն այլևս պատերազմ չտեսնեն»,-եզրափակում է Մարինե Ավանեսյանը:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am