1000х90.jpg (78 KB)

Էկոնոմիկայի նախարարությունն և ՀԳՀՄ-ն կմշակեն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգ

Armenpress 16:31, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգը քննարկելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԳՀՄ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով։

Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են հայեցակարգի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշել հայեցակարգի շրջանակում նախատեսվող գործողությունները։

Երկուստեք ընդգծվել է պարենային անվտանգության, ինչպես նաև ներառական տնտեսական աճի ապահովման նպատակով պետական մարմինների փոխկապակցված աշխատանքի, ինչպես նաև այդ գործընթացներում մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման կարևորությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի արդիականացմանը, պետական աջակցության գործող մեխանիզմների կատարելագործմանն ու գործիքակազմի բարելավմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար ոլորտի գրավչության բարձրացման հարցերին։

Փաստաթղթով կողմերը պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, նշված աշխատանքները ընթացիկ տարվա հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրականացնելու համար և մշակել նոր հայեցակարգի կառուցվածքը։ Բացի այդ, ՀԳՀՄ-ն նախարարությանը կաջակցի նաև հայեցակարգից բխող նոր միջոցառումների պլանի մշակմանը՝ տրամադրելով անհրաժեշտ առաջարկություններ։ Կողմերը շահագրգիռ կողմերի հետ համատեղ կիրականացնեն նոր հայեցակարգի նախագծի և միջոցառումների պլանի շուրջ անհրաժեշտ քննարկումներ։

Համագործակցության համար հիմք են հանդիսացել հետևյալ սկզբունքները՝ իրականացվող գործողություններն ուղղել պարենային անվտանգության համակարգի բարելավմանը և համընդհանուր խնդիրների լուծմանը, նախաձեռնություններում առաջնայնություն տալ պետություն-տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտներում գործող տնտեսավարողների և ազգաբնակչության առավել լայն շրջանակների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am