1000х90.jpg (78 KB)

Վարդենիս համայնքում կիրականացվի 251 միլիոն 800 հազար   դրամ արժողության զարգացման ծրագիր  

Armenpress 15:11, 18 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով եւ Վարդենիսի համայնքապետարանի համաֆինասավորմամբ  այս տարվա ընթացքում  կիրականացվի 251 800 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությաmb մասշտաբային ծրագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, 26 միլիոն 800 000  դրամ կազմելու է Վարդենիսի համայնքապետարանի ֆինանսավորումը։

Ծրագրի շրջանակում համայնքապատկան ենթակառուցվածքների տանիքներին կտեղադրվեն 120 կիլովատտ ընդհանուր հզորության արեւային կայաններ, ձեռք կբերվեն  կողային բարձման 1 աղբատար մեքենա, հետեւի մեխանիկական բարձման 1 աղբատար մեքենա, էքսկավատոր բարձիչ՝ ասֆալտահատ ֆրեզով, նեղ շերեփով եւ հիդրոմուրճով, քաղաքային կոմունալ մեքենա, կիսաբեռնատար ամենագնաց «Պիկապ», 120 մետաղական աղբի կոնտեյներ, կներդնվի տրանսպորտային համակարգ՝ 18-տեղանոց 3 միկրոավտոբուսների ձեռք բերմամբ։

«Ծրագրի նշանակությունը մեր համայնքի համար աննախադեպ է եւ անգնահատելի։ Նախ, արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ մենք հոգալու ենք համայնքապետարանի եւ ենթակա ձեռնարկությունների էներգամատակարարման հետ կապված բոլոր, այդ թվում՝ գիշերային լուսավորության ցանցի շահագործման ծախսերը։ Երկրորդ՝  լուծում ենք աղբահեռացման, ճանապարհների մաքրման եւ բարեկարգման, կոմունալ սպասարկման հետ կապված բոլոր խնդիրները։ Դրանց հետ մեկտեղ, աննախադեպ է տրանսպորտային համակարգի ներդնումը, քանի որ կարգավորվում է տրանսպորտային երթեւեկությունը Վարդենիսից Այրք, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Կուտական, Սոթք, Շատջրեք, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Ազատ, Ակունք, Ծովակ, Կարճաղբյուր եւ Ախպրաձոր բնակավայրեր: Թվարկված բնակավայրերի բնակիչները մինչ այժմ տեղաշարժը կատարել են մեծ դժվարությամբ, բայց մոտ է այն պահը, երբ խնդիրը լիովին կարգավորված կլինի։ Ծրագիրն ավարտին կհասցվի այս տարվա ընթացքում»,-ընդգծեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am