1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են վեցերորդ սերնդի սթելս-կործանիչներ ստանալ

Armenpress 14:50, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) քննարկում են վեցերորդ սերնդի բազմանպատակային սթելս-կործանիչի թողարկման հնարավորությունը՝ գործողության մերձահար եւ հեռահար շառավիղ ունեցող վերափոխակներով, որոնք նաեւ կարող են գրոհել ցամաքային թիրախների վրա: Այդ մասին հայտնել են ամերիկացի զորապետերը՝ հանդես գալով Կոնգրեսի բյուջետային լսումների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանց մասնակցել են ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Չառլզ Բրաունը եւ Մարտական ավիացիոն հրամանատարության ղեկավար գեներալ Մարկ Քելլին: Նրանք հայտնել են Հաջորդ սերնդի օդային գերակշռության (Next Generation Air Dominance - NGAD) գաղտնի ծրագրի առանձին մանրամասներ, որի շրջանակներում մշակվում են վեցերորդ սերնդի այդ ինքնաթիռները:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ցանկանում են ստանալ մեծ հեռահարությամբ եւ մարտական բեռնվածությամբ ծանր կործանիչի տարբերակը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործողությունների համար եւ փոքր հեռահարությամբ ու մարտական բեռնվածությամբ թեթեւ կործանիչի տարբերակը՝ Եվրոպայում գործողությունների համար: Դրանք պետք Է լինեն բազմանպատակային, որոնք կարող են օդային մարտ մղել եւ հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին:

Բրաունի խոսքով՝ NGAD կործանիչները պետք Է «համակարգերի համակարգ» լինեն որպես ինքնաթիռ, որը կատարում Է օդային գերակշռության առաջադրանքներ: Կործանիչները պետք Է կարողանան մտնել այսպես կոչված A2/AD - Anti-Access/Area-Denial շրջաններ (բարձր վտանգավորության գոտիներ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող թափանցել առանց նրանց համար անընդունելի վնասի՝ նույնիսկ ուժերի գերազանցության դեպքում)՝ ճեղքել-անցնելով հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, ոչնչացնելով հակառակորդի օդուժը եւ կարեւորագույն թիրախները:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը գերգաղտնիության պայմաններում արդեն մշակել, կազմակերպել եւ անցկացրել են վեցերորդ սերնդի հեռանկարային կործանիչի առնվազն մեկ նախատիպի թռիչքային փորձարկումներ, անցյալ տարվա սեպտեմբերին հայտնել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնումների, տեխնոլոգիաների եւ լոգիստիկայի գծով վարչության պետ Ուիլ Ռոփերը: Նա հրաժարվել Է հայտնել, թե ռազմաօդային ուժերը որքան շուտ կարող են սկսել նոր սերնդի կործանիչների արտադրությունը, ասելով միայն, որ այն կարող Է գործարկվել «բավականին արագ»: Ամերիկացի զինվորականները հրաժարվում են հայտնել նոր կործանիչի նույնիսկ ընդհանուր տակտիկա-տեխնիկական տվյալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am