Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա. Լևոն Զուրաբյան

Armenpress 14:35, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում է ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետութունը փրկելու հատուկ օպերացիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասուլիսում այս մասին ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին ՝ նա  շատ տրամաբանական համարեց, որ այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան այն խնդիրների վրա, թե Հայաստանն անկախությունից ի վեր իր ճանապարհն արդյոք ճի՞շտ է անցել, ո՞ր ուղղություններով է սխալ գնացել: «Դա է պատճառը, որ այս ընտրություններում գլխավոր մրցակիցները դարձան այն ուժերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ներկայացրել են ՀՀ իշխանություններին: Եվ արդեն կարելի է ասել, որ հենց այդ ուժերն էլ խորհրդարանում կունենան իրենց ծանրակշիռ ներկայությունը»,-ասաց Զուրաբյանը:

Նա, սակայն հավելեց, որ սակայն դեմոկրատական ընտրություններում ամեն ինչ հնարավոր է: «Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա»,- ասաց Զուրաբյանը:

Ընտրական ցուցակի անդամ Աննա Դավթյան-Գևորգյանն էլ նշեց.  «Քարոզարշավի շրջանում մեր կարևոր ուղերձներից մեկն էր նաև տեղ հասցնել այն մտայնությունը, որ այն, ինչ ունենք այսօր, ամենևին նույն խաղաղությունը չէ, ինչ կունենայինք, եթե արժանապատիվ խաղաղության գնայինք և ընդունեինք բանակցային ճանապարհով հարցը լուծելու տարբերակը»:

Նա հավելեց՝ ներկա իշխանությունները անվերջ փորձում են հենց այդ ցույց տալ, որ այս գլխիկոր վիճակը խաղաղության հոմանիշ է: «Եվ այն ուժերն էլ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին բանակցային ճանապարհով հարցի լուծումը, ուզում են ցույց տալ, որ իրենք այնքան էլ սխալ չէին, քանի որ այդ նույն արդյունքն էր լինելու»,-ասաց նա:

Դավթյան-Գևորգյանը երկուսն էլ համարեց մոլորության տանող պնդումներ: «Ես վստահ եմ, որ քաղաքացիները մուրճի և մանգաղի այդ պարտադրված երկընտրանքից դուրս են գալու, որովհետև վստահ եմ՝ կա այն ընկալումը, որ միակ սառը զենքը, որ մեզ անհրաժեշտ է խորհրդարանում, սուր միտքն է, սառը դատողությունը և ողջախոհությունը»,- ասաց պատգամավորության թեկնածուն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am