1000х90.jpg (78 KB)

Սբ Գր. Լուսավորիչ ԲԿ-ի սպորտային բժշկության բաժանմունքում մարզիկները կստանան որակյալ բուժօգնություն

Armenpress 14:28, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Այն, ինչ տեսնում ենք այստեղ, պետության վերաբերմունքն է սպորտի զարգացման գործին: Ամեն ինչ պետք է անենք, որ առողջ ապրելակերպի քարոզը, մշակույթը մեր հասարակության մեջ ավելի մեծ տեղ ունենա»,-ասաց Ավանեսյանը: Վերջինս առանձնակի շեշտեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմի նվիրված աշխատանքը՝ հիշելով վերջին 1,5 տարվա ընթացքում բուժաշխատակազմի պայքարը համավարակի դեմ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կարևորեց նման բաժանմունքի բացումը` առանձնացնելով, որ մարզիկները հիմա առավել լավ հնարավորություններ ունեն բաժման համար: «Մեր մարզիկներն այժմ էլ ավելի ոգևորված կլինեն: Այս կենտրոնի բացումից հետո ակնկալում ենք նոր չեմպիոնություններ մեր մարզիկներից»,-ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ում նախաձեռնությամբ էլ բացվել է բաժանմունքը, շեշտեց, որ կենտրոնը կանի հնարավորը, որպեսզի մարզիկներն ամբողջական բժշկական օգնություն ստանան: «Մարզիկները կստանան ամեն տեսակի բուժօգնություն: Տեխնիկական առումով էլ բաժանմունքը հագեցած է, և նոր համալրումներ են սպասվում»,-ասաց  նա:

Ամբողջովին վերանորոգված և կահավորված բաժանմունքում սպորտային բժշկության ծառայություններ են մատուցվելու Երևանի և մոտակա մարզերի մարզադպրոցների, ֆեդերացիաների, մարզական ակումբների, ՀՀ հավաքական թիմերի և այլ մարզիկների: Նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև` շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ: Բժշկական ծառայության բաժանմունքի բացման օրակարգում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Հուշագրով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում:

Սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքում պետպատվերի շրջանակներում  բուժման հնարավորություն կունենան պատանեկան, երիտասարդական և հավաքական թիմերի մարզիկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am