1000х90.jpg (78 KB)

Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը

Armenpress 20:41, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը գալիս է կիսատ գործը շարունակելու  և քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն ասաց, որ, թեև գյումրեցի չէ, Գյումրիում երբեք չի ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես է ստացվել, որ իր սրտի մի մասը մնացել է Գյումրիում:

«Առաջին անգամ եկել եմ Գյումրի 1997 թվականին, նորանշանակ վարչապետ էի: Վիճակը այնպիսին էր, որ ինքս ինձ համար երդվել եմ, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխենք, պետք է վերականգնենք այն քաղաքը, որի մասին միշտ լսել էի՝ Գյումրին իր թասիբով, իր հումորով , իր հոտով ու համով: Եվ այսօր, շրջելով քաղաքով, կարող եմ ասել, որ ճանաչում եմ բոլոր շենքերը, նույնիսկ հիշում եմ, որ շինարարը որ շենքն է կառուցել կամ ամրացրել: Մեկ-մեկ մտածում եմ, որ, չգիտեմ ինչպես ստացվեց, բայց Գյումրին Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրեց՝ իրենք համաչափ կզարգացնեն Հայաստանի տարբեր մարզերը:

«Ինձ համար չափազանց հաճելի էր իմանալ, լսել և տեսնել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն: Եվ դուք այդ պոտենցիալը իսկապես ունեք: Մենք որպես մեկ քաղաքական միավոր, վստահ ենք, որ գալիս ենք իշխանության և գալիս ենք ձեր հզորությունը ավելացնելու, դեպի առաջ մղելու, երկիրը զարգացնելու, համերաշխություն բերելու բոլորի համար: Սա է մեր նպատակը»,- եզրափակեց Քոչարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am