1000х90.jpg (78 KB)

Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող Մալաթիա-Սեբաստիայի երկու բնակիչ կալանավորվել է

Armenpress 16:52, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հատուկ քննչական ծառայությունից:

Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հիշյալ քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am