Տրանսֆերտների բավականին մեծ ներհոսք կա Հայաստան. ԿԲ-ն ակտիվացում է նկատում ԱՄՆ-ից

Armenpress 17:06, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տրանսֆերտների մեծ հոսք է նկատվում, տրանսֆերտների ներհոսքի որոշակի ակտիվացում կա ԱՄՆ-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Տրանսֆերտների աճը բնականաբար դրական է ազդում տնտեսության վրա: Մենք, ըստ էության, այս ամիսների ընթացքում բավականին մեծ տրանսֆերտների ներհոսք ունենք:  Այս տարվա ընթացքում մենք տեսնում էինք, որ ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքի որոշակի ակտիվացում կար»,-ասաց Գալստյանը:

ԿԲ դա հիմնականում պայմանավորում է ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությամբ, որը հսկայական օժանդակություն է տրամադրում իր քաղաքացիներին: «Բնականաբար ԱՄՆ քաղաքացիների շրջանում կան մարդիկ, որոնք նաև ասոցացվում են ՀՀ-ի հետ, օրինակ՝ ունեն բարեկամներ կամ տնտեսական շահեր ունեն մեր երկրում: Եվ տրամադրված օժանդակության մի մասը արտահոսում է Հայաստան»,-ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ-ն տարվա ընթացքում տրանսֆերտների ներհոսքի ակտիվացում է ակնկալում նաև Ռուսաստանից: Գալստյանը հիշեցրեց, որ փետրվար-մարտ ամիսներին բավականին մեծ թվով հայաստանցիներ, որոնք զբաղվում են արտագնա աշխատանքով, մեկնել են Ռուսաստան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am