Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մինչև հունիսի 29- ը

Armenpress 15:13, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հունիսի 15-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ:

Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ վատառողջ է: Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում: Արամ Օրբելյանը չի կարողացել ներկայանալ, քանի որ մասնակցում է այլ գործով դատական նիստի: Հովհաննես Խուդոյանի տեղեկանքը չընթերցվեց:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանին հիշեցրեց, որ երկրում նախընտրական քարոզարշավ է, որը պետք է տևի ընդամենը 12 օր: Այս ընթացքում «Հայաստան» դաշինքը գլխավորող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում:

Բացի այդ, պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց կասեցնել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ մեղադրվող անձինք պատգամավորի թեկնածու են և կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով միջնորդությյունը չքննարկվեց:

Հաշվի առնելով, որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին ընտրությունների պաշտոնական արդյունքները կարող են դեռևս հայտնի չլինել, դատարանը հետաձգեց նիստը մինչև հունիսի 29-ը,  ժամը 13:00-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am