«Հայաստան» դաշինքի առաջնորդները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ներկայացրեցին իրենց անելիքները

Armenpress 20:58, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի առաջնորդները հանրահավաք անցկացրեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ողջունելով հավաքվածներին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ են մտնում:

«Հայաստան ասելով հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս: Սիրելի ժողովուրդ, ես միշտ գործի մարդ եմ եղել, սակայն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նաև խոսող մարդ պետք է դառնալ, քանի որ ժամանակակից աշխարհում խոսքի ուժը հզոր է: Այդ խոսքը պետք է հասցնենք յուրաքանչյուր քաղաքացուն: Փոխանցեք բոլորին, որ Հայաստան դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու, մարդկանց կյանքի որակը բարելավելու համար: Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հավաքվածներին ակտիվ մասնակցել ընտրություններին՝ իրենց ձայնը տալով ուժեղ Հայաստանին:

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանը ճգնաժամի մեջ է: Այդ իրավիճակում երկրին ու ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն: Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը տեր կկանգնի իր քաղաքացուն, երկրի սահմաններին:

« Հայաստանին պետք է իշխանություն, որն ամեն ինչ անելու է իր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: Պետք է իշխանություն, որը կմտածի իր հասարակության կրթության, առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն: Դա կարող է անել «Հայաստան» դաշինքը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am