Գալիս ենք ապագա կառուցելու. Քոչարյանն արմավիրցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ «Հայաստան» դաշինքին

Armenpress 19:41, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ գալիս են պրոֆեսիոնալ թիմով՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու վճռականությամբ:

«Այսօր ամբողջ օրն անցկացրել եմ Արմավիրի մարզում, եղել եմ տարբեր քաղաքներում ու գյուղերում: Շատ ավելի լավ եմ պատկերացնում այն հարցերը, որոնք կան մարզում՝ ոռոգում, խմելու ջուր, մթերումներ և այլն: Մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տալու: Մենք գալիս ենք ապագա կառուցելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը: 

Նրա խոսքով, իրենց թիմն ընդունակ է իր վրա վերցնելու այդ ծանր պատասխանատվությունը, եղած վիճակը շտկելու, երկիրն առաջ տանելու համար: «Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները ապագայի ընտրություններ են:

«Մենք ուզո՞ւմ ենք իրական տնտեսական թռիչքաձև աճ, թե՞ ուզում ենք անկում, որը կա այսօր և լինելու է վաղը, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ իրենց աթոռներին: Մենք ուզում ենք բևեռացված հասարակությո՞ւն, թշնամությո՞ւն ներսում, թե՞ համերաշխություն: Մենք գալիս ենք այդ համերաշխությունը հաստատելու համար: Մենք գալիս ենք մեր ժողովրդին միավորելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ չեն կարող մի կողմում կանգնել, երբ հայրենիքը վտանգված է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am