1000х90.jpg (78 KB)

ԱՀ պետական նախարարը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

Armenpress 18:35, 14 Հունիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում իրականացված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել է կառավարության մոտեցումներով:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացումն՝ ի նպաստ խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական զարգացման, առողջության պահպանման, կրթության հասանելիության և կենսական նշանակության այլ հիմնախնդիրների լուծման:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am