1000х90.jpg (78 KB)

Լոռիում բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարն արդյունքներ է տալիս. դատախազություն

Armenpress 20:46, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքնում հայտնաբերվել է բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հանցավոր խմբի բացահայտումը Լոռու մարզի դատախազության հետևողական հսկողության ներքո մարզի տարածքում բնակարանային գողությունների կանխարգելման, հանցագործություն կատարած անձանց հայտաբերելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ակտիվացման, այդ նպատակով մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին կենկրետ քրրեական գործերով բազմիցս տված հանձնարարականների կատարման արդյունքն է:

«Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը` կոնկրետ քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը պարզելու և այլ կարևոր հանգամանքների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 2021թ. հունվարից հունիս ժամանակահատվածում Լոռու մարզի համայնքի ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներում ակտիվորեն ներգրավվելու վերաբերյալ 38 միջնորդագիր: Դրանցով խնդիր է դրվել գործուն և ակտիվ քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:

Միջնորդագրերը քննարկվել են կոնկրետ դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, Վանաձոր քաղաքում գողության համար առավել ռիսկային տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է 54 տեսանկարահանող սարքեր, իսկ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին՝ թվով 171 կոդավորվող փական։ Համայնքը պարտավորվել է նշված ուղղություններով շարունակել իր աշխատանքները։

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ միջնորդագրերի քննարկման արդյունքում Սպիտակ համայքնում տեղադրվել է 6, Տաշիր համայնքում՝ 10, իսկ Սարչապետ համայնքում՝ 4 տեսախցիկ: Համայնքային մարմինները, այդ թվում նաև՝ Ախթալա համայնքի, պատրաստակամություն են հայտնել տեսախցիկներ տեղադրելու գործըթնացի շարունակականության համար քայլեր ձեռնարկել:

«Իրականացված միջոցառումներն արդեն իսկ դրական ազդեցությունն են ունեցել 2021թ. ընթացքում բնակարանային գողությունների հետ կապված քրեական շարժընթացի վրա, հանցագործությունների բացահայտման գործընթացում:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում մարզի տարածքում արձանագրվել է 49 բնակարանային գողություն, քրեական գործերով 28 անձի մեղադրանքներ են առաջադրվել: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ հանցագործությունների բացահայտման, հանցագործների նույնականացման առումով դեպքերի զգալի մասի պարագայում նշանակալի դեր են կատարել տեղադրված տեսախցիկներով արված տեսագրությունների ուսումնասիրությունները: Վերջիններս էական նշանակություն ունեն նաև այլ բնույթի հանցագործությունների բացահայտման առումով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am