ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարում ՀՀ կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Armenpress 19:08, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ 

ՀՀ ՊՆ տեղեկացմամբ՝ հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am