Ամենաթանկ բանն աշխարհում հայրենի տունն է. Ռաֆայել Սահակյանը գրողների հետ տոնեց իր հոբելյանը

Armenpress 16:23, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բանաստեղծ Ռաֆայել Սահակյանն իր 85-ամյա հոբելյանը տոնեց գրչակից ընկերների հետ հունիսի 11-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպված ցերեկույթով:

«Սահակյանը 15 ժողովածուի հեղինակ է: Գրել է պոեզիա, արձակ, կենսագրականներ, վեպ Թաթուլ Կրպեյանի մասին, երկրի մասին: Նրա գործերը մարդկային են. գրում է  սիրով, անկեղծ, ջերմությամբ: Բնականությունը Սահակյանի ստեղծագործություններում բուրում է նոր թխած հացի պես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա  շեշտեց, որ Սահակյանը բազմաթիվ պարգևներ և մրցանակներ ունի, բայց հարկ են համարում գրականությանը մատուցած ծառայության համար պատվոգիր նվիրել գրողին:

Սահակյանի մի քանի գրքի խմբագիր Տիգրան Նիկողոսյանն էլ ասաց, որ կարոտից ու ցավից են ծնվել Ռաֆայել Սահակյանի երկրի մասին պատմող գրերը: «Սահակյանը մեկն է այն քչերից, որն իր արձակ և չափածո գործում  վառ է պահում հայրենիքի թեման և դրա  լավագույն վկայությունն է «Կապույտ կանչ» վեպը, որի հերոսները, անցնելով ցավի ու տառապանքի միջով, հավատարիմ են մնում նախնյաց հիշատակին և իրենց նոր հայրենիքում տեր ու մշակ, Սարդարապատի գոյամարտի մասնակից և հուշահամալիր կառուցող դառնում»,-ընդգծեց Նիկողոսյանը:

Խոսելով «Էրգիրը տեսա հորս աչքերով», «Արծվապաշտ երկիր», «Արևի արցունքներ» գրքերի մասին՝ նա ասաց՝ գործերը փաստում են, որ Սահակյանն իր ժամանակի վկան ու տարեգիրն է:

Ռաֆայել Սահակյանին տարիքը չի վախեցնում, չի հուսահատեցնում: Նա նշեց՝ կա մի աշխարհ, որով  անցել է տասնամյակներ առաջ և հասկացել, որ ամենաթանկ բանն աշխարհում հայրենի տունն է, հողը, ծննդավայրը, ամենամեծ արժեքները ծնողներն են՝ հայրը, մայրը, հարազատներն են, որոնց լույսի, հոգու սքանչելիքով կերտում է իր օրը, կյանքը, բանաստեղծությունը, գիրը, որովհետև առանց այդ արժեքների գիրը կարող է կեղծ հնչել, առանց արմատներ, առանց հողի, առանց շնչառության:

Սահակյանի հայրը բռնագաղթվել է Արևմտյան Հայաստանից: Նա ընտանիքին է փոխանցել  սերն առ հայրենիք, և հեղինակը այդ կարոտը պահպանել է: Սահակյանի հայրը երազել է լինել իր ծննդավայրում, սակայն չի կարողացել, իսկ Ռաֆայել Սահակյանը երկու անգամ եղել է Արևմտյան Հայաստանում, որից հետո գրել է «Էրգիրը տեսա հորս աչքերով» գիրքը, որտեղ ներկայացրել է ամբողջ Արևմտյան Հայաստանը: «Հասկացա, որ իմ հոգու  պաթոսն առնչվում է մայրենի հողին, մարդուն, հայրենաձայնին: Բանաստեղծություններս հոգուս արժեքներն են, որոնք կարողացա ժամանակի  և տարածության մեջ հաղորդել մոտ 20 գրքով: Այդպես հասա բարձունքին, որը կոչվում է հոբելյան»,-նշեց գրողը:

Բանաստեղծը հիշեցրեց, որ  երկու գիրք է ստեղծել է՝ նվիրված  Արցախյան առաջին պատերազմի զոհերին, իսկ այժմ Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթում ներկայացնում է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին՝ փորձելով մեղմել նրանց ծնողների տիեզերական վիշտը: «Ցավ է ինձ համար, որ մեր օրերում այսքան զոհ ունենք, որոնց ասես մոռանում ենք: Չգիտեմ, թե մեր ժողովուրդը երբ պետք է հասունանա, հզորանա, երբ պետք է գան անհատներ, որոնք տեր կկանգնեն ժողովրդին, կհասկանան, թե ինչպես կորցրին ու ինչպես է հնարավոր հետ բերել կորցրածը»,-եզրափակեց Ռաֆայել Սահակյանը:

Ռաֆայել Սահակյանը ծնվել է 1936 թվականին Թալինի շրջանի Միջնաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Արմավիրի գործկոմի կրթության բաժնի հայոց լեզվի և գրականության տեսուչը, ապա՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։

Դասավանդել է Մեծամորի «Արմավիր» համալսարանում։ Աշխատել է Սարդարապատ ազգագրական թանգարանում: Ռաֆայել Սահակյանի սցենարով ստեղծվել է փաստավավերագրական տեսաֆիլմ՝ նվիրված Սարդարապատի 80-ամյակին և Արցախի հերոսամարտին։ Բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում։ Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է չափածո և արձակ 15 ժողովածուի:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am